
Արմինֆո. Ադրբեջանական գերությունից վերադարձած հայերի առողջական խնդիրները թաքցնելու Հայաստանի իշխանությունների փորձերը խոսում են այն մասին, որ Հայաստանի կառավարող վարչակազմը շարունակում է գործընթացներն ուղղորդել հայ հասարակության շրջանում ադրբեջանական կողմին հարմար իրականության պատկեր ձևավորելու ուղղությամբ: Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը՝ Ադրբեջանի կողմից 4 գերիներին, մասնավորապես, Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին հայկական կողմին փոխանցման առնչությամբ:
Փորձագետը հիշեցրել է, որ գերեվարված 4 անձանց հայկական կողմին փոխանցելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարում է, որ, նախնական տվյալներով, նրանք առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիֆ Խաչատրյանի վիճակը միանգամայն "բավարար" է:
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ մինչ այդ օրը տևական ժամանակ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակի վատթարացման մասին: "Խոսքը ոչ թե առանձին ասեկոսեների, այլ հարազատների կրկնվող հայտարարությունների, փաստաբանների դիմումների ու ահազանգերի մասին էր, որոնք, նույնիսկ, միջազգային ատյաններ էին հասնում։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի և Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակն առանձնահատուկ մտահոգություն էր առաջացրել։ Հարազատները բացահայտ խոսում էին առողջության վատթարացման, լիարժեք բուժօգնությունից զրկվելու, ֆիզիկական եւ հոգեբանական հյուծվածության նշանների մասին, անգամ՝ Էուլջեքչյանի ինքնասպանության փորձի մասին", - հիշեցրել է Ղուլյանը։
Ղուլյանը կարծում է, որ այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը, փաստացի, ջնջում է նախկինում տարածվող տեղեկատվությունը, ներառյալ ընտանիքների տևական ուղերձներն ու տվյալները, որոնք քննարկվել են, անգամ, միջազգային մակարդակով:
Նրա խոսքով՝ այժմ կառավարող ուժը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կսկսի հրապարավ գովաբանել Ադրբեջանում հայ ռազմագերիների պահման պայմանները, խոսել "քաղաքակիրթ" բանտերի, իբր, միջազգային չափանիշների պահպանման, բանտապահների կողմից "մարդասիրական վերաբերմունքի" մասին: "Կհնչեն շնորհակալական խոսքեր, հավաստիացումներ, որ "ոչ մեկին չեն ծեծել", " ոչ մի խոշտանգում չի եղել", և այդ ամենը "չափազանցություններ" են", - կարծում է Ղուլյանը:
Վերն ասվածի առնչությամբ փորձագետը ենթադրել է, որ գերությունից վերադարձած հայերին գաղտնի, իսկ հնարավոր է՝ միանգամայն բացահայտ, կարգելվի ճշմարտությունն ասել։ "Նրանց թույլ չեն տա հարցազրույցներում եւ հրապարակային ելույթներում պատմել պահման իրական պայմանների, խոշտանգումների, ծաղրի, հոգեբանական ճնշման եւ մարդկային արժանապատվության սիստեմատիկ նվաստացման մասին։ Նրանց լռությունը կդառնա գործարքի մաս, պարտադրվող "խաղաղության նարատիվի" մի մասը։ Նրանց կարող են, նույնիսկ, օգտագործել նախընտրական միջոցառումների ժամանակ", - ամփոփել է Ղուլյանը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանն ազատ է արձակել ապօրինի կալանավորված չորս հայ գերիների ՝ 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված երկու սիրիացի վարձկանների դիմաց։
Վագիֆ Խաչատրյանն անազատության մեջ էր 2023 թվականից՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերի կողմից առևանգվել էր ԿԽՄԿ առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բժշկական տարհանման ժամանակ: Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանը 2020 թվականից գտնվում էր Ադրբեջանում անազատության մեջ՝ գերեվարվելով 2020 թվականի հրադադարից հետո ՝ Լաչինի միջանցքով տարանցման ժամանակ: Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանն ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվել էին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը: Երկուսն էլ խաղաղ բնակիչներ էին և բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներ:
Փոխարենը՝ Հայաստանն ազատ է արձակել 2020 թվականի նոյեմբերին հայկական ուժերի կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեդ Ալ - Հաջինին։ Երկուսն էլ դատավարության ժամանակ խոստովանել են, որ ծառայել են որպես վարձկաններ, և 2021 թվականին Հայաստանի դատարանի կողմից դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ Արցախի խաղաղ բնակիչների դեմ կատարած հանցագործությունների համար։ Այն ժամանակ վարձկանները վկայել էին, որ իրենց հրահանգվել էր չխնայել ոչ մեկի կյանքը, և նրանց տրվել էին հստակ հրահանգներ և նյութական վարձատրություն՝ հայ գերիներին գլխատելու համար։
Առնվազն 19 հայ ռազմագերիներ շարունակում են ապօրինի կալանքի տակ մնալ Ադրբեջանում, որտեղ նրանք շարունակում են ենթարկվել խոշտանգումների և ծաղրի: Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի ութ նախկին պաշտոնյաներ․ նախկին պետական նախարար (2022-2023թթ.) Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահ (2020-2023թթ.) Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ (2007-2020թթ.) Բակո Սահակյանը, նախկին նախագահ (1997-2007թթ.) Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը; պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն ու պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը: