
Արմինֆո. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զարմացած է Հայաստանի ինքնիշխան տարածքները 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելու և երրորդ կողմին կոնցեսիա տրամադրելու միջև հավասարության նշան դնելու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փորձերից։
«Ինձ զարմացրեց, որ հնարավոր է համեմատություն անցկացնել Հայաստանի ամբողջ լայնքով՝ արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելու և երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկության կոնցեսիա՝ նունիսկ սեփականություն տրամադրելու միջև։ Սրանք համեմատելի բաներ չեն։
Ոմանք կարող են մտածել, թե քանի որ այդ հատվածում Հայաստանի լայնքը ընդամենը մոտ 40 կիլոմետր է, ապա դրա զիջումը լուրջ խնդիր չէ։ Բայց այդ տրամաբանությունը խորապես սխալ է։ Ինքնիշխանությունը կիլոմետրերով չի չափվում։
Թույլ տվեք ավելի պատկերավոր ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Երևակայեք, որ Ֆրանսիան իր տարածքի շարունակական մի շերտ՝ ամբողջ երկրի լայնքով, Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Գերմանիայի սահման, 50 տարով դնում է երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ։ Կամ պատկերացրեք, որ Միացյալ Նահանգներն անում է նույնը՝ ափից ափ, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան:
Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Այդ պարտավորությունը Հայաստանի կողմից արդեն ամրագրված է նախապես համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերում։ Կարծում եմ՝ «ողորմելի» բառի օգտագործումը չափազանց մեղմ է», - գրել է Օսկանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից, արդարացնելով երկրի հարավով երթուղու նկատմամբ վերահսկողությունը ամերիկյան կողմին հանձնելը, օրինակ էր բերել հայկական մի շարք ձեռնարկություններ կոնցեսիոն կառավարման ներքո երրորդ կողմին հանձնելը: Ընդ որում, նա կոպիտ ձևով, օգտագործելով փողոցային բառապաշար, արտահայտվել է ընդդիմադիր գործիչների հասցեին, որոնք նշում էին այդ նախագծի շրջանակներում բաժնեմասերի նման բաշխման անընդունելիությունը։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։
2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: