


Արմինֆո. Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Ադրբեջանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Report-ը, Իսրայելի ԱԳ նախարարը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ: Նրա խոսքով ՝ "առանց նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության՝ տարածաշրջանում խաղաղություն չէր լինի":
Սաարը նաև նշել է, որ Ադրբեջանի զարգացումն ու բարգավաճումը տեսանելի են անզեն աչքով:
Իր հերթին՝ Բայրամովը պատմել է, որ իր իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում շարունակվող խաղաղության գործընթացի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
"Միևնույն ժամանակ, մենք հնարավորություն ենք ունեցել կարծիքներ փոխանակել "Մեծ վերադարձի", ինչպես նաև այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտող ականային սպառնալիքի վերաբերյալ", - ասել է Բայրամովը:



