


Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը աշխատանքային ճաշ է տեղի ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության մեկնարկի կապակցությամբ: Դատելով Ռուսաստանի ԱԳՆ հրապարակած հանդիպման լուսանկարից՝ հայկական կողմը միջոցառմանը չի մասնակցել։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են կանոնադրական մարմինների աշխատանքներին և առաջիկա նիստերի ժամանակացույցին վերաբերող հարցեր: Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչներ, կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը և նրա տեղակալները: Հյուրերին ողջունել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել ՀՀ հանդեպ իր պարտավորությունները, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



