
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի բառակույտ է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեղադրանքները ՀԱՊԿ-ի հասցեին:
Հունվարի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ՀԱՊԿ-ի հասցեին մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքին, Զախարովան, մասնավորապես, ասել է. "Դա ինչ-որ անկապ բառակույտ է, կներեք: Այդ նա է ՀԱՊԿ-ին մեղադրում հայկական պետականությունը ոչնչացնելու՞ մեջ։ Պարզապես, ինձ համար ինչ-որ կերպ նույնիսկ տարօրինակ է լսել այդ ամենը: Գուցե, դուք այդպես չեք մեջբերում: Եկեք ճշտենք մեջբերումը":
Լրագրողի դիտարկմանը, թե ինքը բառացի մեջբերել Է Փաշինյանին, ռուս դիվանագետը նշել է, որ, ընդհանրապես, հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, այդ թվում՝ նաև տարածքային ամբողջականության մասով: "Ես այնպես եմ հասկանում՝ այդ ամենն ասվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստու՞մ։ Ես չեմ հիշում, որ այդ տարածքն իրավաբանորեն հայտարարված լիներ Հայաստանի տարածքի մաս։ Ես հիշում եմ միայն, թե ինչպես Նիկոլ Վովայի Փաշինյանն այնտեղ եկավ (Լեռնային Ղարաբաղ - խմբ.) և այնտեղ պարեց ։ Դա ես հիշում եմ, իսկ ինչ-որ իրավական ճանաչման, Հայաստանի կազմում որպես պետություն ընդգրկվելու մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Գուցե դուք լսե՞լ եք",- հարց է տվել Զախարովան։
Նա ևս մեկ անգամ առաջարկել է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, հավելելով, որ իրոք չի հասկանում, թե հայկական պետականության հասցեին ՀԱՊԿ-ի ինչ սպառնալիքի մասին կարող է խոսք լինել։ Ռուս դիվանագետը խոստացել է մեկնաբանել դա ՝ երբ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում կրկին հնչեցրել էր այն թեզը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտներ էր ստեղծում պաշտոնական Երևանի ՝ զենքի միջազգային շուկաներ մուտք գործելու համար: Նա նաև ՀԱՊԿ-ին մեղադրել է Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում անգործության համար։ Փաշինյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվել են կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած իրենց պայմանագրային պարտավորությունները ՝ ապահովելու նրա անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ այդ գործընկերները հրաժարվել են նաև հարյուր միլիոնավոր դոլարների զենք և տեխնիկա մատակարարել, որի համար Հայաստանի Հանրապետությունն արդեն վճարել էր: Նրա խոսքով ՝ դա էքզիստենցիալ սպառնալիք էր ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, և ակնհայտ էր, որ որոշում է կայացվել ոչնչացնել մեր պետականությունը և չեղյալ հայտարարել մեր ինքնիշխանությունը ։