


Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի իր պաշտոնակից Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Բաքվի չեզոքության և բարիդրացիության հանձնառությունը:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ երկրի տարածքը չի դառնա Իրանի դեմ արտաքին ագրեսիայի հենակետ:
Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ թույլ չի տա օգտագործել իր օդային կամ ցամաքային տարածքը Իրանի դեմ որեւէ ռազմական գործողություն իրականացնելու համար:
Բայրամովը վերջին շրջանում տարածաշրջանում լարվածության աճը "տագնապալի" է անվանել և բոլոր կողմերին զսպվածության կոչ արել:
Ադրբեջանական կողմն ընդգծել է ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը, որը կարող է հանգեցնել Իրանի ներսում կամ, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:
"Ադրբեջանը միշտ սկզբունքային դիրքորոշում է որդեգրել. տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, իսկ մեր տարածքը երբեք չի օգտագործվի ի վնաս հարևանների", - նշել է Բայրամովը:



