
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ այդ երկրի ղեկավարությունը խելքը գցել է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԱՄՆ-ին ներկայացված Ադրբեջանի բողոքի նոտան, որի պատճառը ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքի հանդիպումն է:
«Ադրբեջանի նման գործողությունները ոչ մի տրամաբանության շրջանակում չեն տեղավորվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ հանդիպումներ են անցկացրել Արցախի ղեկավարության հետ: Ի՟նչ են ուզեցել նրանք ասել այդ գործողություններով: Միգուցե, դա միջնորդների գործունեության հետագա բոյկոտի նախաբա՟նն է», - հարց է տվել Բաբայանը:
Ընդ որում նա համոզմունք է հայտնել, որ Ջեյմս Ուորլիքը և ԱՄՆ Պետդեպարտամենտը պարտադիր պետք է արձագանքեն Բաքվի այդ գործողություններին: Նրա ասելով, այսօր Ադրբեջանը բողոք է հայտնում Միրզոյանի հետ հանդիպման առնչությամբ, վաղը` միջնորդների Լեռնային Ղարաբաղ այցի առնչությամբ, ի մյուս օրը` արդեն կբոյկոտի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը:
«Հուսանք, որ Միացյալ Նահանգները կարձագանքի Բաքվի հիվանդագին քաղաքականությանը, քանի որ շատ հավանական է, որ ադրբեջանական կողմը վաղը կբողոքի միջնորդների Հայաստան այցի դեմ», - եզրափակել է Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին բողոքի նոտա է ներկայացրել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպման առնչությամբ: Բողոքի նոտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային հանձնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի մասնակցությունն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված միջոցառումներին լիովին հակասում է Մինսկի խմբի համանախագահության մանդատին և ինստիտուտին և ստվեր է նետում դրա չեզոքության և անաչառության վրա», - ասվում է ԱՀ ԱԳՆ բողոքի նոտայում: Ընդ որում, Ադրբեջանը ԱՄՆ Պետդեպին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների տարածքում ԼՂՀ ներկայացուցիչների որևէ գործունեության համար պայմանների ստեղծումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջխաղացմանը, այլ ընդհակառակը, էլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ գործընթացը: