
Արմինֆո. Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք են այցելել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը (Erich Vontobel) և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։ Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։
Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրել է Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնել Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։
Այնուհետև Աշոտ Դանիելյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար տարվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձել ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։
Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը ներկայացրել են Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
Մասնակիցները տեսակետներ են փոխանակել երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։
Նշենք, որ փետրվարի 3-ին կարճատև մամուլի ասուլիսում Էրիկ Ֆոնտեբելը ընդգծել է, որ «արցախյան հարցը փակված չէ և չպետք է փակվի», քանի որ մարդու իրավունքներն ու ինքնորոշման իրավունքը վաղեմության ժամկետ չունեն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում՝ արցախցիների Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքն ապահովելու համար։ 2025 թվականի մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ օրինագիծ։ Փաստաթղթում կոչ է արվում շվեյցարական իշխանություններին ստեղծել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության հարթակ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերադարձի մեխանիզմները քննարկելու համար։ 2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայում իր աշխատանքը սկսել է արցախահայերի վերադարձի իրավունքը խթանող միջկուսակցական հանձնաժողովը։