


Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ վերջինիս Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցին ընդառաջ՝ խնդրելով հասնել հայ ռազմագերիների ազատ արձակմանը:
Իչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը, Արամ Ա-ն կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղում հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանումը ՝ մատնանշելով այդ հարցերի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր տարածաշրջան Վենսի այցի մասին, որի ստույգ ամսաթիվն առայժմ հայտնի չէ։ Սակայն ամերիկացի պաշտոնյային Հարավային Կովկասում սպասում են փետրվարի առաջին տասնօրյակում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:



