
Արմինֆո.Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները, սպասվում են շուրջ 9 մլրդ դոլարի ներդրումներ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության ժամանակ։
"Մենք նաև հպարտ ենք, որ մեր պետություններն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն հունի մեջ մտնի, այն ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար։ Սկզբնական փուլում խոսքը 5 մլրդ դոլար գումարի մասին է, երկրորդ փուլում ՝ ևս 4 մլրդ դոլար ներդրումների։ Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի, և իմ երկրի էներգետիկ անվտանգության և էներգետիկ կայունության համար, որը շատ աշխատատեղեր կստեղծի և ԱՄՆ - ում, և Հայաստանում", - ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ այդ ամենը նշանակում է, որ ամերիկյան մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգները կգան այս երկիր։ Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ը շատ հազվադեպ է արտահանում իր տեխնոլոգիաները, և այսօր այդ հնարավորությունը բացվում է Հայաստանի վարչապետի ջանքերի շնորհիվ:
Այնուհետև նա անդրադարձել է TRIPP ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման") նախագծին և նշել, որ նախագիծն ուղղված է փոխակերպմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: "Այս տարածաշրջանում կբացվի միջազգային առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի նոր դարաշրջան։ Կապահովվի Հայաստանի և հարևան երկրների միջև աննախադեպ փոխկապակցվածություն։ Սա հիանալի է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլև կնպաստի խաղաղության գործընթացին։ Երբ էներգետիկան և տնտեսությունը կապվում են միմյանց, դա ամրապնդում է խաղաղությունը։ Մենք ոչ թե, պարզապես, ձգտում ենք ստեղծել խաղաղություն, մենք ցանկանում ենք, որ արդեն ստեղծված խաղաղությւոնը կարողանա գոյատեւել", - շարունակել է ԱՄՆ փոխնախագահը։
Նրա խոսքով ՝ TRIPP հիմնադրամի շնորհիվ տարածաշրջան կհոսի մասնավոր հատվածի կապիտալը, կստեղծվի փոխկապակցվածություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Հերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդնել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սկզբունքային որոշում է կայացրել կառուցել մոդուլային տիպի ատոմային ռեակտոր։ Ընդ որում, մոդուլային ատոմակայանի արտադրության երկիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, կորոշվի 2026-2027 թվականներին։