


Արմինֆո. Ինչպես և սպասելի էր, Ազգային ժողովում կառավարող մեծամասնությունը՝ ի դեմս "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության, հրաժարվել է ԱԺ օրակարգում ներառել ընդդիմության առաջարկած "Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին" խորհրդարանի հայտարարության նախագիծը: Ազգային ժողովի փետրվարի 10-ի նիստում "Հայաստան" խմբակցության ներկայացրած փաստաթղթին կողմ է քվեարկել ընդամենը 21 պատգամավոր՝ 52 դեմ և 1 ձեռնպահ ձայների դեպքում:
Ինչպես իր ելույթում նշել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, Հայաստանում այսօրվա դրությամբ կա ավելի քան 60 քաղբանտարկյալ: Նրանք, ինչպես կարծում է ընդդիմությունը, քրեական հետապնդման են ենթարկվել այս կամ այն քաղաքական դրդապատճառներով։ Ընդ որում, մոտ 40 մարդ գտնվում է կամ կալանքի տակ, կամ տնային կալանքի տակ։ Պատգամավորի խոսքով ՝ Հայաստանում ժողովրդավարության մասով հետընթաց է նկատվում, և քաղբանտարկյալների աննախադեպ թիվը դրա ամենավառ ապացույցն է: "Հայտարարության այս նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, որի անբաժանելի մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատության կոպիտ խախտումները, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, շինծու քրեական գործերը, ընտրովի դատավարությունները տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ", - նշել է Վարդանյանը:
Մինչդեռ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ հայտարարության նախագծում կան միայն մերկ պնդումներ, որոնք չեն հիմնավորվում փաստերով և չեն հաստատվում միջազգային կառույցների կողմից:



