


Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով: Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն` իրականացված հատուկ դաժանությամբ, շահադիտական նկատառումներից ելնելով, պատվիրված, ուղեկցված դրամաշորթությամբ, կողոպուտով կամ ավազակությամբ), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (կողոպուտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների կիրառմամբ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ):
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ռուսական կայազորի զինվորական դատարանը Գյումրիում կայացած արտագնա նիստում Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Պերմյակովը մեղավոր ճանաչվեց ծառայության բերումով իրեն տրամադրված զենքը ձեռքին դասալքության, զենքի և զինամթերքի առևանգման և ապօրինի հրազեն կրելու համար:



