
Արմինֆո. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես փորձ՝ դուրս մղել ռուսական պետական "Ռոսատոմ" կորպորացիային, որը կայուն աշխատում է Հայաստանում և մատուցում որակյալ ծառայություններ՝ շահավետ գներով:
Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը՝ Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, արձագանքելով ԱՄՆ փոխնախագահ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքացիական ատոմային էներգետիկայի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին Ջեյ Դի Վենսի հայտարարությանը:
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը գեներացվում է դեռևս խորհրդային տարիներին կառուցված ատոմակայանում։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը հայտնի է իր մանևրներով և բլեֆով։ Այդ առնչությամբ նա նշել է, որ 9 մլրդ դոլարի հնարավոր ներդրումների մասին հայտարարությունները կարող են օգտագործվել ժամանակավոր տպավորություն ստեղծելու համար, սակայն իրական ներդրումներ ակնկալել, նրա խոսքով, չարժե:
"Սա ևս մեկ անգամ ընդգծում է տեղի ունեցողի քաղաքական բաղադրիչը. կարևոր է հայտարարել, որ Ամերիկան Հայաստանի հետ է։ Դրանից հետո որոշակի քաղաքական շրջանակներ կօգտվեն իրենց շահերից ելնելով։ Բայց չէ որ կարելի է այսօր հայտարարել այդ մասին, իսկ վաղը մոռանալ ամեն ինչ. կարող են հետո ասել, թե ճգնաժամ է, էլ ինչ 9 մլրդ դոլար ։ Ի վերջո, ցավալի է գիտակցել, որ մի ողջ ժողովուրդ և պետություն դառնում են շախմատի խաղատախտակի ֆիգուրներ։ Բայց, հնարավոր է, Հայաստանը չվերածվի բուն տախտակի, որի վրա կխաղարկվի պարտիա", - նշել է ռուս քաղաքագետը։
Դուդչակը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, ձգտելով մերձենալ Արեւմուտքին եւ ինտեգրվել Եվրոպային, կարող է սխալներ թույլ տալ, որոնք չեն հանգեցնի երկրի կյանքի բարելավման կամ զարգացման: Նման քաղաքականությունը, ըստ փորձագետի, միայն երկիրը կվերածի կախյալ տարածքի։ "Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա խուսափել նման սցենարից, բայց սպառնալիքը լուրջ է", - ամփոփել է ռուս քաղաքագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մամուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները, և սպասվում են շուրջ 9 մլրդ դոլարի ներդրումներ: Նա պարզաբանել էր, որ սկզբնական փուլում խոսքը 5 մլրդ դոլարի մասին է, իսկ արդեն երկրորդ փուլում ՝ եւս 4 մլրդ դոլարի ներդրում։
Ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդնել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սկզբունքային որոշում է կայացրել կառուցել մոդուլային տիպի ատոմային ռեակտոր։ Ընդ որում, մոդուլային ատոմակայանի արտադրության երկիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, կորոշվի 2026-2027 թվականներին։