
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով կապահովի ՀՀ օրհներգի՝ որպես պետական խորհրդանիշի պատշաճ օգտագործումը և կսահմանի իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդիվ ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները և ներկայացրել օրհներգի կատարման կարգը, որով հստակ սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը և ինչ ստանդարտի կիրառմամբ: «Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:
Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունները, որոնք հասանելի են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգին և նշել, որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի: «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ: Այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են: Սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը՝ օրհներգը, կրթական ամենացածր օղակից դառնա երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, որը ստանում են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ունկնդիրներն էլ պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման համատեքստում: Վարչապետն ընդգծել է միջոցառումներին ՀՀ օրհներգ կենդանի կատարմամբ հնչելու անհրաժեշտությունը. «Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այլ կառույցների դեպքում ստանդարտ է սահմանվում. «Պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է»: