
Արմինֆո. Ազգային պատկերասրահում բացառիկ նշանակության իրադարձություն է տեղի ունեցել: Պատկերասրահի ֆոնդում պահվող կտավների վերականգնման աշխատանքների արդյունքում մասնագետները հայտնաբերել են Մարտիրոս Սարյանի "Գյուղացի կանայք դաշտում" (1914թ.) էտյուդի հետևում թաքնված ևս մեկ ստեղծագործություն՝ մարդկային տեսքից ավելի քան մեկ դար թաքնված և միայն այսօր վերադարձված գեղարվեստական տարածք:
Ինչպես նշել է Ազգային պատկերասրահում նման առիթով կազմակերպված ցուցահանդեսի համակարգող Վիգեն Գալստյանը, մասնագետները հակված են կարծելու, որ Սարյանի հայտնաբերված նատյուրմորտը վերագրվում է 1910թվականին: Նշելով, որ հենց այդ տարի նկարիչը ոչնչացրել է իր, առնվազն, հինգ կտավ, նա չի բացառել, որ վերականգնողական և հետազոտական աշխատանքների արդյունքում կարող են նոր բացահայտումներ լինել:
Մեկ դար անց հայտնաբերված նարինջներով նատյուրմորտը Մարտիրոս Սարյանի վրձնի ամբողջական վարտված աշխատանքն է։ Այն ուշադրություն է գրավում ոչ միայն իր գեղարվեստական ամբողջականությամբ, այլև այն բանով, որ պարուրված է առեղծվածի որոշակի շղարշով. արդյոք աշխատանքը թաքցնելու որոշումը թելադրված է եղել նկարչի ներքին կասկածներով, թե դա երկար տարիներ անց իր սերունդներին ողջույններ փոխանցելու միտումնավոր գործողություն է: Այսպես թե այնպես՝ այդ երևույթն անգին է, թեկուզ այն պատճառով, որ հնարավորություն է տալիս նոր երկխոսության մեջ մտնել գեղանկարչության մեծ վարպետի հետ և ընդլայնել նրա ժառանգության մասին պատկերացումները:
Հարկ է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում Ազգային պատկերասրահը ջանքեր է գործադրել վերանայելու իր հավաքածուի այն բաժինները, որոնք լրացուցիչ հետազոտություն էին պահանջում: Արդյունքում ճշգրտվել և վերահաստատվել է շուրջ երեսուն արվեստի գործերի իսկությունը, որոնց թվում են Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Լևոն Քյուրքչյանի, Հակոբ Գյուրջյանի, Ալիս Բինետի, Լուի Անկետենի, Դավիթ Շտերենբերգի և այլ հեղինակների նշանակալի գործերը:
Այդ ցուցահանդեսի համակարգողներն են Մարիամ Դավթյանը, Զառա Դիլանյանը, Վիգեն Գալստյանը, Հայկուշ Սահակյանը, Արփինե Սարիբեկյանը: Վերականգնողները՝ Իգոր Պողոսյան, Ամալյա Հովսեփյան, Տաթևիկ Ամիրխանյան, Արտաշես Աբրահամյան:
Սարյանի հայտնաբերված կտավը ցուցադրվում է "Թանգարանային բացահայտումներ Հայաստանի ազգային պատկերասրահում" ցուցահանդեսի շրջանակում, որը Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունն է, այն ուղղված է թանգարանային հավաքածուի գիտական վերաիմաստավորմանը և արդիականացմանը ժամանակակից հետազոտական և թվային գործիքների կիրառմամբ:
Ցուցադրությոնը կգործի մինչև ս. թ. ապրիլի 15 – ը։