


Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ: Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը», - ասվում է հայտարարությունում։
Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ կարգալույծ Արման Սարոյանի հայցով դատական ակտը չկատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի վաղ համանման մեղադրանքներ էին ներկայացվել Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների և խորհրդի քարտուղարին: Փաստաբան Արա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների այս գործողություններն ուղղված են Գերագույն հոգևոր խորհրդի տապալմանը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 16-19-ը Ավստրիայում: Հատկանշական է նաև այն, որ գործը հարուցվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տա կաթողիկոսությանը լքել Հայաստանի սահմանները



