
Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն արձագանքել է իրենց ընտանիքի ղեկավարի նկատմամբ Բաքվի խամաճիկային դատարանի դատավճռին: Վերջինս Բաքվի բանտում է 2023 թվականի սեպտեմբերի վերջից։
Ներկայացնում ենք Վարադանյան ընտանիքի հայտարարությունն ամբողջությամբ ՝ առանց կրճատումների և փոփոխությունների: «Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։
Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից:
Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։
Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։
Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։
Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»։
Այսօր հայտնի է դարձել, որ Բաքվի խամաճիկային դատարանը 20 տարվա ազատազրկման է Ռուբեն Վարդանյանին:
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։