


Արմինֆո. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստորեն դատապարտել է Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ:
«Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Ուստի նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև արհեստական հակադրություն ստեղծելու հնարավորության առումով», - ասվում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդն արդեն հանդես էր եկել հայտարարությամբ ՝ հղում անելով սոցիալական ցանցերում փաստաբանների կողմից դատավորների դեմ հրապարակված մի շարք գրառումների: «Բարձրագույն դատական խորհուրդն անհանգստությամբ արձանագրում է վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։ Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։ Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը», - ասվում էր ԲԴԽ հայտարարությունում։



