


Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան, ինչպես նաև Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին։
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է իրականացնել Իրանից դիվանագիտական անձնակազմի ամբողջական տարհանում:
Նա հավելել է, որ Բաքվում կսպասեն անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ կապված իրանական կողմի հետաքննության արդյունքներին, և, կախված այդ արդյունքներից, կձեռնարկվեն հետագա քայլերը, և կընդունվեն որոշումներ:
Մարտի 5-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ իրանական 4 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Նախիջևանը: Այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը։ Ավելին, նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել էր երկրի Անվտանգության խորհրդի նիստ և որոշել էր սուր ճոճել Իրանի առջև: Ավանդույթի համաձայն, Ալիևը սպառնացել էր Ադրբեջանի "երկաթե բռունցքով", կատարվածը որակել էր ահաբեկչություն և խոստացել պատասխան: Բացի այդ, ադրբեջանական կողմը փակել էր երկինքն Իրանի հետ սահմանին և դադարեցրել Իրանի հետ սահմանային անցակետի գործողությունը: Հետաքրքրական է, որ այս բոլոր գործողությունները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Իրանն արդեն երկրի ԱԳՆ և Գլխավոր շտաբի մակարդակով հերքել էր իր մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանին հարվածին։ Ընդ որում, անկախ փորձագետները հակված են կարծելու, որ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում Իրանի դեմ հակամարտությունում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր ներգրավման համար:



