


Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է ոչնչացնել Երևանի ծառերը։ Այսօր արմատախիլ են արվել Երևանի սրտում գտնվող Ամիրյան փողոցի առողջ բազմամյա ծփիները։
«Ամիրյանն էլ միացավ «խաղաղությամբ» լի ստվերազուրկ փողոցների ցանկին…
2023-ից ի վեր Երևանի իշխանության ձեռագրով գրվեց հազարավոր ծառերի սպանդի պատմությունը՝ «փայլուն հաջողած» ծրագիր։ Շատ հարմար կատարող էլ ունեն, ում վստահում են անվերապահորեն և ծառահատումները նշում որպես «սիրած գործ»…Բարբարոսություն, ուրիշ ոչինչ», - գրել է Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը՝ Facebook-ի իր էջում։
Ընդ որում, նա արձանագրել է, որ քաղաքապետարանի թիմի «գիտնականները» բոլոր քաղաքապետերին՝ նախկին և ներկա, «գիտական փորձից ելնելով»՝ համոզեցին, որ թեղիները խորը էտով պետք է բուժել… Հիմա էլ նույն հաջողությամբ պնդում են, որ նախկինում արված «խորը էտի պատճառով» ծառերը հատել է պետք։
«Ասում են, մի լավ հեքիաթ կա, «Համակարգային կոռուպցիա» վերնագրով…
Սիրելի երևանցիներ, երեք տարի՝ ձեր կողմից ինձ վստահված մանդատով, առավելագույնն արեցի, որ բացատրեմ իշխող ուժին այս ծրագրի կործանարար հետևանքները բոլորիս կյանքի համար։ Ցավոք, իմ և նրանց շահը տարբեր է։
Մի հարց է տանջում ինձ, ռմբակոծվող Իրանի պարագայում ինչո՞ւ եք բացում քաղաքը, նպատակը ո՞րն է…», - հարց է տվել նա։
Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերի հայկական հատվածում հայտնվել են Երևանում հերթական էկոցիդի կադրեր։ Ընդ որում, Երեւանի իշխանությունները խուլ են բնապահպանների կոչերին ՝ դադարեցնել Երեւանի անապատացումը, որտեղ օդն արդեն այնքան աղտոտված է իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով, որ արդեն վտանգավոր է դարձել առողջության համար։



