
Արմինֆո."Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի" (ՀՑԹԻ) տնօրենին մտադիր են ազատել աշխատանքից՝ այն բանից հետո, երբ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ խոսել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների մասին։
ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում ենթադրություն է հայտնել, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի կողմից արված անդրադարձը դուր չի եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ով, ըստ շրջանառվող լուրերի, Գզոյանից պահանջել է ազատման դիմում գրել։ Դեմոյանը հաղորդել է, որ վերջին լուրերի համաձայն, շուտով տեղի կունենա նոր տնօրենի նշանակում, եւ համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարության գլխավոր պարտականությունը կլինի հանցագործությունների բազմաթիվ փաստերի կոծկումը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների աննախադեպ հայտարարություններին չարձագանքելը:
«ՀՑԹԻ հաջորդ տնօրենը, ըստ ամենայնի, ստիպված պետք է լինի գրավոր պարտավորագիր ստորագրել առ այն, որ չի օգտագործի «Արցախ», «էթնիկ զտում», «մշակութային ցեղասպանություն» բառերն ու ձևակերպումները, որպեսզի չվտանգի ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կառավարությունից աշխատավարձ ստանալու իր հնարավորությունը», - կարծում է Դեմոյանը:
ՀՑԹԻ նախկին տնօրենի համար այս պատմության մեջ ամենացնցողն ու շշմեցուցիչը Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ՀՑԹԻ անձնակազմի դիմումն է՝ ԿԳՄՍ նախարարի դիրքորոշումը վերանայելու խնդրանքով: «Պատկերացնու՞մ եք ինչ է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող ու ժխտողական հայտարարություններ կատարող, արցախահայության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների մեջ իր հանցակցության մասին բացեիբաց հայտարարող Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը հանդես է եկել ԽՆԴՐԱԳՐՈՎ:
Ես կարծում էի, թե ՀՑԹԻ անձնակազմը առաջին հերթին բողոքի նամակ պետք է հղեր Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ու Ժաննա Անդրեասյանի ժխտողական բնույթի հայտարարություններն ու Մեծ Եղեռնի զոհերի ու վերապրողների հիշատակը պղծելուն միտված գործելաոճը դատապարտելով և նույնիսկ սպառնալով միահամուռ կերպով աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ որպես սկզբունքայնության ու բարոյականության դրսևորում, այլ ոչ թե ներկայանալ ներում խնդրող մուրացիկների դերում», - ընդգծել է Հայկ Դեմոյանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանի վարչապետը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը։ Նա, մասնավորապես, նշել է, որ նախ պետք է "հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու է դա տեղի ունեցել, ինչպես է հայ ժողովուրդը դա ընկալել, և՝ ում միջոցով. Ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ, իսկ 1950 թվականին այն հայտնվեց"։ Բացի այդ, պետությունը սկսել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցումը, որը համընկել է խաղաղության մասին վաշինգտոնյան հռչակագրի ստորագրման հետ։ Հատկանշական է, որ համալիրի տարածքում աշխատանքներն արհեստականորեն ձգձգվում են և կատարվում են բազմաթիվ սխալներով, որոնք էլ ավելի են վնասում հուշահամալիրը: Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ, այսպես կոչված, վերակառուցումը հերթական մեսիջն է այդ հարցում զիջումների գնալու Երևանի պատրաստակամության մասին։