


Վրաստանի և Հայաստանի հարյուրավոր մեքենաներ «ձյան գերության» մեջ են հայտնվել Ռազմավիրական ճանապարհին, որն Անդրկովկասի երկրները կապում է Ռուսաստանի Դաշնության հետ: Վրաստանի իշխանություններն ստիպված են եղել դադարեցնել երթևեկությունը` ձյան հուսինների և սառցակալման մահացու վտանգի առնչությամբ: Վարորդները դժգոհում են ծանրագույն պայմաններից և տեղի բնակիչների ագահությունից, որոնք, օգտվելով առիթից, առաջին անհրաժեշտության մթերքները վաճառում են չափազանց բարձր գներով:
Ինչպես հաղորդել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոտրանսպորտի վարչությունը, այդ ճանապարհով երթևեկության արգելքը վերաբերում է, մասնավորապես, 30-ից ավելի տեղ ունեցող ավտոբուսներին և կցասայլով մեծ բեռնատարներին: Այդպիսով, ռազմավարական ավտոմայրուղին գրեթե լիովին փակ է առևտրային և ուղևորատար հաղորդակցության համար: Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը «կեսական կարևորություն» ունի, առաջին հերթին, Հայաստանի համար` հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունների կարգավորված չլինելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ընդունել էր Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները:



