


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:
Նշենք, որ այսօր կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյոք կարևոր չի համարում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի (չհեռանալու մասին ստորագրություն է տվել) մասնակցությունը հրաժեշտի արարողությանը, նշել է, որ «Կտրիճ Ներսիսյանին» (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը-խմբ.) կաթողիկոս չի ճանաչում: «Հայաստանը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Ես մտադիր եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, անձամբ ցավակցություն հայտնել. մենք քննարկում ենք ձևաչափը, թե ինչպես ենք մասնակցելու։ Այլ ձևաչափերի մասին ասել չեմ կարող», - հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը մահացել է մարտի 17-ին Թբիլիսիի կլինիկայում՝ 93 տարեկան հասակում: Վրաց պատրիարքին կհուղարկավորեն մարտի 22-ին Սիոնիում։



