


Արմինֆո. ՀՀ Ներքին գործերի նախարարությունը համակարգված մոտեցում է որդեգրել Եվրոպական Միության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման հարցում: Այս մասին հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի հինգերորդ նիստում։
ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստում քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է վիզային ռեժիմի ազատականացման գործում գրանցված առաջընթացը, այդ թվում՝ կարճաժամկետ վիզաների տրամադրումը և ենթակառուցվածքային ծրագրերը: Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ երկխոսության սկզբից մինչև գործողությունների ծրագրի ստացումը և դրա իրականացման համար ձեռնարկված գործնական քայլերը: Մասնավորապես, նշվել է հայկական կողմին տրամադրված գործողությունների ծրագրի բովանդակությունը՝ շեշտը դնելով սահմանված չափանիշների և դրանց շրջանակներում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա։
Ընդգծվել են նաև փաստաթղթերի անվտանգության բարձրացմանն ուղղված պետական-մասնավոր գործընկերության միջոցով իրականացվող ծրագիրը, միգրացիայի և սահմանների կառավարման համապարփակ ռազմավարությունների մշակումը, ապաստանի համակարգի թվայնացումը։ Իրավապահ ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում Արմեն Ղազարյանը նշեց, որ իրականացվող փոփոխությունները նպատակ ունեն ոչ միայն համակարգի վերակազմակերպմանը, այլև ժամանակակից ոստիկանական չափորոշիչների ներդրմանը։



