


Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Թեհրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար:
"ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին մարդասիրական օգնության տեղափոխման և տրամադրման հարցերում արժանի է բարձր գնահատականի։ Իրանի և Հայաստանի բազմադարյա կապը դժվարին պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և այդ եղբայրական քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ", - ասվում է Արաղչիի թվիթերյան (X) հրապարակման մեջ:
Հավելենք, որ մարտի 28-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու հնարավորությունների շուրջ: Նախարարներն անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերին և բազմակողմ օրակարգի թեմաներին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել էր, որ հայկական կողմը մարդասիրական օգնություն է ուղարկել բարեկամ Իրանին:



