


Արմինֆո. Ապրիլի 1-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու COP-17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, սա այս ձևաչափով երկրորդ հանդիպումն էր, որը հնարավորություն տվեց շարունակել գործընկերների հետ բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը։ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքը և առաջիկա քայլերը՝ ընդգծելով Հայաստանի լիակատար հանձնառությունը համաժողովի կազմակերպչական գործընթացն անցկացնելու թափանցիկության, ներառականության և բարձր հավակնությունների սկզբունքների հիման վրա։ Նախարարության նպատակն է COP-17-ը դարձնել կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համաշխարհային օրակարգի շրջադարձային կետ։



