


Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունում հորդորել են ազնվացեղ եղջերուների հանդիպելիս ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:
«Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի, հատկապես մարդու ներկայությամբ կամ աղմուկի պայմաններում։
Նրանց բնակավայրերին մոտենալը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական գործոններով, այդ թվում՝ եղանակային փոփոխություններով, սննդային ռեսուրսների սակավությամբ կամ կենսամիջավայրի որոշակի փոփոխություններով։
Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները։ Խնդրում ենք՝ չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն», - գրել է մամուլի քարտուղարը։



