
Արմինֆո.Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ նրան երկընտրանքի առջեւ է կանգնեցնում Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչի մասին ռուսական կողմը բացահայտ խոսում է։ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես է պատասխանել Գեղարքունիքի մարզի բնակիչների մտահոգություններին՝ 2026 թվականի մարտի 1-ից Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ ԲՀԿ առաջնորդը Գեղարքունիքի մարզի էր գնացել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ նախընտրական քարոզչության շրջանակներում։
Գեղարքունիքի բնակիչները Ծառուկյանին դժգոհել են, որ ռուսական միգրացիոն օրենսդրության խստացման ֆոնին իրենք բազմաթիվ խնդիրների են բախվել, ինչի պատճառով չեն կարողանում նախկինի պես արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան: Մինչդեռ, ինչպես հավելել են Գեղարքունիքի բնակիչները, Հայաստանում իրենք շարունակում են բախվել աշխատատեղերի բացակայությանը, և ՌԴ - ում արտագնա աշխատանքի մեկնելը իրենց ընտանիքը պահելու միակ հնարավորությունն է:
Այդ առնչությամբ ԲՀԿ առաջնորդը հիշեցրել է, որ այսօր Եվրամիությունը դեմ է Ռուսաստանին, մինչդեռ, Հայաստանը ԵՄ հետ դաշնակցային հարաբերություններ է կառուցում: "Հայաստանը ցույց է տալիս ԵՄ գնալու մտադրությունները։ ՈՒրիշ ինչպես կարող է այս պայմաններում արձագանքել Ռուսաստանը։ Մենք ընդառաջում ենք նրա թշնամուն, այդ պատճառով Ռուսաստանը Հայաստանին ասում է՝ ընտրիր", - նշել է Ծառուկյանը։
Ընդ որում, նա վստահեցրել է, որ այս և այլ խնդիրների լուծումը կա իրենց "Առաջարկ Հայաստանին" նախընտրական ծրագրում:
Նշենք, որ 2026 թվականի փետրվարի 10-ին Գագիկ Ծառուկյանը հաղորդել էր, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է "Առաջարկ Հայաստանին" ծրագրով:
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում սկսել է գործել վերահսկվող անձանց ռեեստրի մասին օրենքը, որը սահմանում է, այսպես կոչված, "արտաքսման ռեժիմը" ։ Վերջինս պատժամիջոցներ Է նախատեսում կացության կանոնները խախտած օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ։ Նման անձինք մուտքագրվում են ռեեստր, որից հետո նրանց բանկային հաշիվները սառեցվում են, իսկ ցանկացած գործարք դառնում է անհնար ։ Իսկ արդեն այս տարվա մարտի 1-ից դրանում լրացումներ են կատարվել, որոնցով Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները կարող են հայտնվել վերստուգվող անձանց ռեեստրում եւ արտաքսվել։
Հավելենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները: Դրանք անցել են լարված մթնոլորտում։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է Հայաստանի՝ միաժամանակ և ԵՄ-ում և Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու անհնարինությունը: Ռուսական կողմը կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով հասկացրել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը կհանգեցնի երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության դադարեցման, ինչպես նաեւ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տնտեսական հարաբերությունների խզման: