


Արմինֆո. Եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարն իսկապես պահպանվի, ապա Թեհրանը դրանից առավելագույն օգուտ կստանա: Նման տեսակետ է հայտնել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Facebook-ի իր էջում քաղաքագետը նշել է, որ Թեհրանն օգուտ կստանա ոչ միայն բանակցությունների մասնակիցների շրջանակի ընդլայնման, այլև ԱՄՆ-ի և Իսրայելի համար զինված գործողությունների վերսկսման գնի բարձրացման հաշվին: "Բանակցությունների տրամաբանությունն արդեն փոխվել է հօգուտ Իրանի։ Հորմուզի նեղուցը բացվում է Իրանի թույլտվությամբ, ինչը չի եղել պատերազմից առաջ", - նշել է Վարուժան Գեղամյանը։
Զուգահեռներ անցկացնելով հայկական իրականության հետ՝ նա ընդգծել է, որ պատերազմները ժամանակակից զենքի մասին չեն, այլ կամքի և դիմադրության, այդ թվում ՝ այդ զենքը կառավարող համակարգերի և այն օգտագործելու պատրաստ էլիտաների մասին: "Իրանը փայլուն կերպով ցույց տվեց դա վերջին մեկուկես ամսվա ընթացքում", - ընդգծել է քաղաքագետը:



