


Արմինֆո. 2020 թվականից հետո Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են նոր իրականության մեջ, քանդվել է անվտանգության հին համակարգը, իսկ նոր ճարտարապետությունը մինչ օրս չի ձևավորվել: Այդ մասին ապրիլի 9-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության "Առաջարկ Հայաստանին" ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում ամենակարևոր խնդիրներից մեկը պետք է լիներ կայունության վերականգնումը, սակայն գործող իշխանությունը որդեգրել է պատեհապաշտության ճանապարհը, ենթարկվելով ճնշումների, ինչը վիթխարի և կոպիտ սխալ է: Հայաստանը, ինչպես նշել է Արա Այվազյանը, պետք է Ռուսաստանի հետ ձևավորի անվտանգության գործուն մեխանիզմներ և պահպանի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամությունը: Դիվանագետը նշել է, որ պետության անվտանգությունը պետք է ներառի երեք բաղադրիչ․ ուժերի հավասարակշռություն, զսպումներ և երաշխիքներ: Առանց ուժերի վերականգնման չպետք է ակնկալել երկարաժամկետ խաղաղություն ։
Բանախոսը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն էլ դժվար է անվանել երկարաժամկետ խաղաղություն, քանի որ Հայաստանի խոցելիությունը չի վերացել: Ավելին, այսօր անվտանգության հետ կապված շատ որոշումներ կայացվում են պետության սահմաններից դուրս ։ Այս ֆոնին անհրաժեշտ է դաշնակիցների օգնությամբ ձևավորել ուժերի իրական հավասարակշռություն, ինչը թույլ կտա բացառել ճնշումը երկրի վրա ։



