
Արմինֆո. Թյուրքագետ և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետազոտող Անժելա Սիմոնյանը պատմել է 2020 թվականին Արցախի շուրջ 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության՝ MIT-ի դերի մասին։
Փորձագետը փաստել է, որ Արցախում 44-օրյա պատերազմի քննարկման ժամանակ հանրային ուշադրությունը սովորաբար կենտրոնացած է տեսանելի ռազմական գործոնների վրա՝ անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա կամ անձնակազմ։ Սակայն, նրա խոսքով, Թուրքիայում վերջերս հրատարակված «Ազգային հետախուզական կազմակերպություն 1826-2023» պաշտոնական գիրքը բացահայտում է պատերազմի «ստվերային» կողմը, որտեղ առանցքային դեր է խաղացել թուրքական հետախուզությունը՝ MIT-ը։
«Ավելին, գրքում առաջին անգամ հրապարակվել են Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) արխիվային փաստաթղթեր։ Հեղինակ Փոլաթ Սաֆին պնդում է, որ այս հակամարտությունը MIT-ի համար դարձել է «խաղի կանոններ փոխող» (game changing) ռազմավարության փորձարկման հարթակ, որի շրջանակներում Կովկաս են տեղափոխվել Սիրիայում, Իրաքում և Լիբիայում կուտակված բոլոր օպերատիվ մեթոդները։ Այս փորձի տեղափոխումը ենթադրում էր MIT-ի կողմից Ադրբեջանին ուղղակի և կրկնակի աջակցություն, որն իրականացվում էր ինչպես հետախուզական մակարդակում, այնպես էլ հատուկ գործողությունների մակարդակով»,- գրում է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ գործնականում MIT-ը ստանձնել է Bayraktar TB2-ների «ինտելեկտուալ կենտրոնի» դերը. թեև ԱԹՍ-ները ռազմաօդային ուժերի սպառազինության տեսակ են, դրանց կործանարար արդյունավետությունն ապահովվել է հենց հետախուզության տրամադրած կրիտիկական տվյալների շնորհիվ։ Սիմոնյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օգտագործելով թուրքական «Gokturk» արբանյակային համակարգերը՝ հետախուզության վերլուծական կենտրոնները մշակել են աշխարհատարածական տվյալներ (GEOINT), ինչը թույլ է տվել հայտնաբերել հայկական թաքստոցներն ու շարժվող թիրախները դեռ հարված հասցնելուց առաջ։
«Սակայն MIT-ի ներկայությունը չի սահմանափակվել միայն տեխնոլոգիական աջակցությամբ։ Գաղտնի գործողությունների շրջանակներում թուրքական հետախուզության հատուկ ստորաբաժանումները (Special Ops) անմիջական մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին, հատկապես Շուշիի ուղղությամբ, որտեղ նրանք հանդես են եկել որպես օպերատիվ խորհրդատուներ և համակարգողներ։ Սրան զուգահեռ՝ ռազմական հաջողությունն ամրապնդվում էր ակտիվ կուլիսային «հետախուզական դիվանագիտությամբ» (intelligence diplomacy)։ MIT-ի այն ժամանակվա ղեկավար Հաքան Ֆիդանը մշտական կապի մեջ էր ռուսական հատուկ ծառայությունների (ԱԴԾ և Արտաքին հետախուզության ծառայություն) ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով կանխել Ռուսաստանի ուղղակի միջամտությունը»,- շարունակել է թյուրքագետը։
Սիմոնյանն ընդգծել է, որ թուրքական կողմն արդեն պաշտոնապես հպարտանում է այս փաստով՝ շեշտելով, որ առանց տեղում հատուկ գործողությունների իրականացման և MIT-ի կողմից կրիտիկական տվյալների տրամադրման՝ պատերազմի ելքը կարող էր բոլորովին այլ լինել։ «Մենք գործ ունենք մի իրականության հետ, որտեղ հետախուզական ծառայությունը դառնում է պետությունների սահմաններ գծող հիմնական գործիքը։ 44-օրյա պատերազմը MIT-ի համար սոսկ նախերգանք էր Կովկասում ազդեցության գոտիների ընդլայնման և «Թյուրքական աշխարհի» ստեղծման ճանապարհին տարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխության համար», - եզրափակել է թյուրքագետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավմամբ, ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Այս պատերազմը սկիզբ դրեց Արցախի կորստին և մի շարք ուղղություններով Հայաստանի տարածքների օկուպացմանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ