
Արմինֆո. Հայաստանն ինքը պետք է որոշում կայացնի Եվրոպական միության հետ իր ապագա հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին Երևանում լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ինքնուրույն է կայացնում իր որոշումները. «Մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են կայանալու, իհարկե, ԵՄ-ին անդամակցության հարցը դիտարկվում է, բայց որոշումները Հայաստանը պետք է կայացնի ինքնուրույն», - ասել է Կայա Կալասը՝ հավելելով, որ Երևանում ընթացող գագաթնաժողովը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը, հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում։ «Մենք խոսում ենք փոխկապակցվածության, բայց նաև այն սպառնալիքների նկատմամբ դիմակայունության մասին, որոնց առջև կանգնած ենք», - հայտարարել է Կալասը՝ հավելելով, որ Եվրոպան միայն աշխարհագրություն չէ, այլև արժեքներ ու սկզբունքներ։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով են կարևոր «Միջին միջանցքը» և Վրաստանն այս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ Կալասը նշել է. «Միջին միջանցքը շատ կարևոր է։ Նկատի ունեմ այն, ինչ մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում։ Բոլորը նույնպես քննարկում են, թե ինչպես դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիները և նվազեցնել դրանցից մեկի փակման հետ կապված ռիսկերը։ Հենց այդ պատճառով փոխկապակցվածությունը և այս երթուղիները հսկայական նշանակություն ունեն։ Իհարկե, մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել այս ուղղությամբ և ովքեր են մեր գործընկերները», - նկատել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Պատասխանելով Վրաստանի և ԵՄ հարաբերությունների մասին հարցին՝ նա հորդորել է ուշադրություն դարձնել աշխարհագրությանը և այն երկրներին, որոնք գտնվում են այստեղ։ «Ուստի, իհարկե, քննարկումներ են գնում այն մասին, թե ինչ կարող ենք անել այս ուղղությամբ՝ «Միջին միջանցքի» փոխկապակցվածության հարցում առաջ շարժվելու համար։ Մենք որոշակի հարցեր ունենք Վրաստանի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ կառավարությունը փաստացի քայլեր չի ձեռնարկում՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին հայտարարություններին։ Մենք տեսնում ենք, որ քայլեր են ձեռնարկվում սխալ ուղղությամբ։ Դա նաև սահմանափակումներ է ստեղծում, օրինակ՝ ֆինանսավորման հատկացման հարցում», - նշել է Կայա Կալասը։