
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ուղղված իր տեսաուղերձում Եվրախորհրդարանին մեղադրել է կողմնակալության մեջ և պարծեցել Արցախի հայաթափմամբ։
Գագաթնաժողովի բացմանն ուղղված իր խոսքում Ալիևը նշել է, որ Երևանում անցկացվող գագաթնաժողովին իր մասնակցության առցանց ձևաչափը դեռ մի քանի ամիս առաջ համաձայնեցրել էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ հրավիրել է ԵՔՀ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Բաքվում 2028 թվականին՝ ընդգծելով, որ Հայաստանը նույնպես աջակցել է իր այդ նախաձեռնությանը։
«Իմ մասնակցությունը գագաթնաժողովին ակնառու կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է։ Մեզ մոտ արդեն ավելի քան 9 ամիս խաղաղություն է հաստատված, և մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ», - ասել է Ալիևը՝ հերթական անգամ հիշեցնելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համաձայնագրի նախաստորագրման մասին։
Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը Ադրբեջանի համար իրականություն է։ Իր խոսքերը հաստատելու համար նա հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը հանել է հայկական բեռների համար ադրբեջանական տարածքով տարանցման սահմանափակումները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասցվել մի քանի հազար տոննա բեռ, արտահանվել է մի քանի հազար տոննա նավթամթերք։ Ըստ նրա՝ այս ամենը ամուր հիմք է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հաստատման համար։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ևս մեկ հիմք է փոխկապակցվածությունը։ Եվ «Թրամփի ճանապարհը» իրականություն կդառնա», - վստահեցրել է Ալիևը։
Այնուհետև Ադրբեջանի նախագահը գովել է Եվրահանձնաժողովին՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերաբերյալ դրսևորած դիրքորոշման համար և քննադատել Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է 2001 թվականի հունվարից և ընդգծել, որ այդ ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը երբևէ չի ենթարկվել որևէ սահմանափակման այդ կառույցում մինչև 2024 թվականը։
«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց անջատողականությանը Ղարաբաղում։ Մենք կատարեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք ավելի քան 30 տարի մնացել էին թղթի վրա։ 4 ամիս անց ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեց մեր պատվիրակության նկատմամբ», - ցինիզմով հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ դրանից հետո ԵԽԽՎ-ի նման գործելաոճը դարձել է սովորական երևույթ։
Նա ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ և դա անընդունելի անվանել։ Նրա հավաստիացմամբ՝ եվրապատգամավորների նման գործողությունները իբր սաբոտաժի են ենթարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։
«2021 թվականից մինչ օրս Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական ձևով ստում են Ադրբեջանի մասին։ 14 բանաձև 5 տարվա ընթացքում», - դժգոհել է Ալիևը։
Այնուհետև նա քննադատել է ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով, ի թիվս այլոց, պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։ Այս կապակցությամբ Ալիևը նշել է, որ ապրիլի 1-ին իր երկիրը որոշում է կայացրել կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ, «Եվրոպական միություն - Ադրբեջան» խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությունը, ինչպես նաև աշխատանքը «Եվրանեսթում»։ Եզրափակելով՝ նա կրկին աջակցություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղ գործընթացին։