
Արմինֆո. Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Վահե Դավթյանը։
Նրա ասելով՝ մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը, եւ պատահական չէ, որ դեռևս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպես «անդրկովկասյան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, հատկապես 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։ Արցախում հետևողականորեն կառուցվում և արդիականացվում էին էներգետիկ ենթակառուցվածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային և կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցվածքային զարգացման ամենավառ դրսևորումներից էր Ստեփանակերտի օդանավակայանը: Ձևավորվել էր էներգետիկ քաղաքականության օրենսդրական հիմք, որը միտված էր տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։
«Արցախի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նույնիսկ այն ժամանակվա Հայաստանի համար համարվում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:
Մինչև 2020 թ. Արցախում իրականացվում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածավալ ծրագիր։ Կառուցվել էին տասնյակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետությունը աստիճանաբար մոտենում էր էներգետիկ ավելցուկ ունեցող տնտեսության մոդելին․ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։
Արցախի գազաֆիկացումը հասել էր 67,1%-ի, ընդ որում քաղաքների գազաֆիկացման մակարդակը կազմում էր 93%։ Սա՞ է «ոչինչ չկառուցելը»։ Արցախում ստեղծվում էին արտադրական հզորություններ, զարգանում էր առևտուրը, աճում էր արտահանումը, գործում էին վերամշակող ձեռնարկություններ, կառուցվում էին նոր սոցիալական օբյեկտներ, արդիականացվում էին հաղորդակցային ցանցերը։
Հետևաբար, նման հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ հսկայական աշխատանքի, ենթակառուցվածքների և զարգացման ամբողջ պատմության ժխտման միջոցով։
P.S. Լավ հիշում եմ 2015 թ. Արցախի պետական համալսարանում կարդացած իմ երկու դասախոսությունները։ Լսարանը կենդանի հայկական մտավոր և ազգային տարածություն էր՝ իր ուսանողներով, հետազոտողներով, դասախոսներով, որոնք կառուցում, զարգացնում և իմաստավորում էին Արցախի ապագան», - գրել է փորձագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ Հայաստանի վեճն ի սկզբանե անիմաստ էր: "Ասում են՝ մենք հողեր ենք կորցրել։ Բայց ինչպե՞ս էին այդ հողերը մերը։ Խնդրում եմ բացատրեք՝ դրանք մե՞րն էին։ Ես չեմ ուզում զոհվածների թիկունքում խոսել, բայց, այսպես ասենք, դրանք գտնվում էին մի քանի գեներալների վերահսկողության տակ, որոնք, օրինակ, այնտեղ ցորեն էին ցանում, ճի՞շտ է։ Ինչպե՞ս էին դ
նրանք մերը։ Ինչպե՞ս։ Բացատրեք ինչպես էր դա։ Միթե՞ մենք այնտեղ դպրոց ենք կառուցել։ Մանկապարտե՞զ եք կառուցել: Գործարա՞ն։ Միթե՞ մենք այնտեղ ենք ապրել։ Ստեղծել եք բնակավայր: Ինչպե՞ս էին դրանք մերը։ Դրանք մերը չէին", - ասել էր Հայաստանի վարչապետը։