


Արմինֆո. Հայաստանում ներքին թշնամանքն այնքան ծայրահեղ դրսևորումներ է ստացել, որ երկրի քաղաքացիներին զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն կարողությունից։ Այս մասին իր հոդվածում գրում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ահաբեկչության սպառնալիք պարունակող և ակնհայտորեն բեմադրված տեսանյութի իրական արժեքը պետք է գնահատել առնվազն դրա հայտնվելու ժամանակագրությունը և այն հանգամանքը հաշվի առնելով, թե իրադարձությունների ինչպիսի զարգացմանը այն կարող է նպաստել։
«Առաջին հերթին, ընդամենը մի քանի օր առաջ ՄԱԿ-ում տարածվեց Ադրբեջանի իշխանությունների բանաձևը, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների մասնակցությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։ Նշենք, որ ադրբեջանական մամուլը հայերենով հակահայկական տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում հմտացել է։ Բայց դրան դիմակայելու փոխարեն՝ մեր երկրում հիշյալ տեսանյութի վերաբերյալ անմիջապես հաջորդեցին փոխադարձ մեղադրանքներն ու ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Մինչդեռ, ներկա իրավիճակում, հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը, կարծում եմ՝ այլ հարցերն ավելորդ են»,- նշել է պրոֆեսորը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել էր դիմակավորված անձանց մասնակցությամբ կադրեր, ովքեր խոսում էին «ղարաբաղյան բարբառով» և սպառնում իրեն սպանությամբ։ Փաշինյանը նրանց վախկոտ էր անվանել և խոստացել «անձամբ հանել նրանց դիմակները»։ Երկրի մի շարք քաղաքական ուժեր այս կապակցությամբ հնարավոր են համարել տվյալ տեսանյութի բեմադրումը։
Նշենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցության համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։



