
Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ուղեկցությամբ, սույն թվականի մայիսի 13-16-ը Կիպրոս կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի կողմից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, (ECR) խմբակցության անդամ Գեադիս Գեադիի հետ։
Արցախի Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ՝ Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ, հավատարիմ մնալով արդարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, շարունակելու է իր աջակցությունը Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործին։
Աշոտ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Գեադիս Գեադիին հայանպաստ դիրքորոշման համար։ Նա անդրադարձել է Ադրբեջանում ընթացող հայազգի գերիների ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով որոշ փաստեր այդ կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը։
Կիպրոս կատարած այցելության ընթացքում, քաղաքական հանդիպումներին զուգահեռ, մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն ու ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը այցելել են Կիպրոսի Հայոց թեմի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում են ունեցել Գերշ. Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոսի հետ։ Հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում, քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Այնուհետև տեղի է ունեցել այցելություն «Նարեկ» վարժարան, որտեղ հյուրերին դիմավորել են վարժարանի տնօրինությունն ու հոգաբարձուների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դպրոցի կրթական և դաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև առկա մարտահրավերներին։ Աշոտ Դանիելյանը բարձր է գնահատել վարժարանի ազգային և կրթական գործունեությունը։
Նույն օրը երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Կիպրոսի հայկական համայնքի և պետական ներկայացուցչի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանին և Արցախին վերաբերող զարգացումներին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ ։ Դրան նախորդել էր չճանաչված հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը ։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։ Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։