
Արմինֆո. Ղարաբաղցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավարին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:
Նշենք, որ ՄԻՊ ներկայացուցիչները պատրաստվում էին տեսակցել Օսիպյանին մեկուսարանում, սակայն նա հրաժարվել է նրանց հետ հանդիպումից:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
«Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Ա.Օ.-ն կալանավորվել է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին "Քաղաքացիական պայմանագրի" առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արաբկիր վարչական շրջանում նրան էր մոտեցել Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը: Նրանց միջև վեճ է ծագել Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի շուրջ։ Իրավիճակը թեժացել էր, Օսիպյանին հետ էին մղել Փաշինյանից։ Նրան բերման էին ենթարկել ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերով Փաշինյանին ցույց էր տվել դեպքից առաջ սոցցանցում արված Արթուր Օսիպյանի գրառումը. "Եթե որեւէ մեկը գիտի Նիկոլի տեղը, ասեք՝ գտնեմ ու նրա փետուրներ հանեմ": Նրան անմիջապես ձերբակալել էին, իսկ Facebook-ի էջը՝ հեռացրել։