
Արմինֆո. Ֆիզիկական հեռավորությունը և Բաքվի բանտի պատերը չեն կարող Ռուբեն Վարդանյանին բաժանել իր հարազատներից և հայ ժողովրդից: Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ռուբեն ջան, արդեն երրորդ տարին է, ինչ քո ընտանիքը, քո հարազատներն ու մտերիմները չեն կարողանում անձամբ շնորհավորել քեզ քո ծննդյան կապակցությամբ, սեղմել քո ձեռքը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորությունն ու Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել քեզ քո հարազատներից և քո ժողովրդից. քո ներկայությունն ու կատարված գործերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի առօրյա կյանքում են։ Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է։ Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների։
Մաղթում եմ քեզ տոկունություն, քաջ առողջություն և հոգու արիություն։ Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է», - գրել է Կարապետյանը Facebook-ի իր էջում՝ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ, ով 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի պահվում է Բաքվում:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։