


Արմինֆո. Այսպես կոչված «ԿԳԲ-ի պոդվալ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խայտառակությունն է։ Այս մասին մայիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր նախկինում գտնվել են այդ նկուղում, այժմ իշխանության են և, ըստ էության, շարունակում են իրենց նախորդների գործը։ Այս նկուղը, որը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, պետք է փակվի։ «8 տարի մենք միայն դրա մասին ենք խոսում, բայց ոչինչ չի փոխվում»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ դա պատահական չէ, քանի որ ԱԱԾ տնօրենը ենթարկվում է Փաշինյանին, հետևաբար՝ նա էլ հանդիսանում է «ԿԳԲ-ի պոդվալի» պետը։ Մարուքյանը հայտարարել է նաև հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի քաղաքացիների տոտալ գաղտնալսումների մասին։
«Այն բոլոր անձինք, ում նկատմամբ վերջին 4-5 ամիսների, ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում քրեական վարույթ է նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են՝ սկսած Սամվել Կարապետյանից։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործը առաջիններից մեկն էր»,- նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ չի հավատում իրավապահ մարմինների հրապարակած և ոչ մի ձայնագրության։ Նրա խոսքով՝ այժմ գաղտնալսումներն իրականացվում են տոտալ կերպով, ինչը մասնավոր կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։
Անդրադառնալով ԶՈՒ սպասվող շքերթին՝ Մարուքյանը նկատել է, որ երկրին անհրաժեշտ են զինվորական վարժանքներ, այլ ոչ թե շքերթներ։ «Այս շքերթը գործող իշխանության յուրօրինակ նախընտրական PR-ն է։ Իշխանությունն ունի PR-ի բազմաթիվ գործիքներ՝ թոշակների բարձրացումից մինչև հազարավոր մարդկանց պարգևավճարների բաժանում։ Եվ այս շքերթը նույնպես նրանք կփորձեն ժողովրդին ներկայացնել որպես սեփական ձեռքբերում»,- հայտարարել է կուսակցության առաջնորդը։



