


Արմինֆո. Արամ Խաչատրյան համերգասրահում 1970 թվականին տեղադրված «Rieger-Kloss» երգեհոնը կվերականգնվի։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում որոշում է կայացրել 2026 թվականին նշված խնդրի լուծմանն ուղղել 242 միլիոն դրամ։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, երգեհոնը վաղուց վերականգնման կարիք ունի։ Երգեհոնի հետագա օգտագործումն ապահովելու և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով համերգասրահի տնօրինությունը դիմել է առաջատար և համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտացված ընկերություններին՝ վերականգնողական աշխատանքների իրականացման առաջարկով։ Բանակցությունների և մասնագիտական քննարկումների արդյունքում այս պատասխանատու աշխատանքը վստահվել է հեղինակավոր ավստրիական «Rieger-Orgelbau GmbH» ընկերությանը, որը ներկայացրել է նախագծի իրականացման նախահաշիվը՝ 346 միլիոն դրամի չափով, ինչը համարժեք է 768 հազար եվրոյի։ Այս գումարը չի ներառում ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումը, մասնագետների գործուղման և կեցության ծախսերը, շահութահարկը, ԱԱՀ-ն, գների 4%-անոց ինդեքսավորումը և 10% չնախատեսված ծախսերը։
Երգեհոնի ապամոնտաժումը և պահպանումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոսին, տեխնիկական տեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվարին, իսկ երգեհոնի ընդհանուր լավորակումը (հնչյունավորումը)՝ 2027 թվականի հուլիս-օգոստոսին։ Երգեհոնի վերականգնողական աշխատանքների ավարտը նախատեսվում է իրականացնել 2027 թվականի սեպտեմբերին։ Վերականգնման նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 588 միլիոն 400 հազար դրամ, որից 2026 թվականին կհատկացվի 242 միլիոն դրամ։ Նախագծի իրականացումը թույլ կտա վերականգնել երգեհոնի լիարժեք հնչողությունը։



