
Արմինֆո.Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության նախընտրական խոստումներից մեկը Տաթևի վանական համալիրի մոտ երկաթուղային կայարանի կառուցումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է ՀԱԿ-ից ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այս կայարանը կարող է կարևոր դեր խաղալ երկրի տնտեսության մեջ։ Առաջին հերթին կբեռնաթափվեն ավտոմոբիլային ճանապարհները, որոնցով երթևեկում են ծանրաքաշ բեռնատարները՝ ճանապարհները դարձնելով դժվարանցանելի։ Երկաթուղու գործունեության հաշվին զգալիորեն կբարելավվի տարածաշրջանի էկոլոգիական միջավայրը։ Նաև ավելի ակտիվ տեմպերով կսկսի զարգանալ զբոսաշրջության ոլորտը։
Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ քարոզչական խումբն այս պահին գտնվում է «Տաթևի վերածնունդ» ճոպանուղու մոտ, որն իր ժամանակին կառուցվել է բարերար Ռուբեն Վարդանյանի ջանքերով, ով խոշտանգումների է ենթարկվում բաքվի բանտում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անգործության պատճառով, ով, ըստ Զուրաբյանի, ցանկություն չունի ադրբեջանական գերությունից ազատելու բոլոր հայ բանտարկյալներին։ «Փաշինյանը չի ցանկանում, որ Ռուբեն Վարդանյանը դառնա 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր դերակատարներից մեկը։ Նա ոչ միայն չի նպաստել Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, այլև իր ողջ վարքագծով հասկացնել է տալիս, որ շահագրգռված է Ադրբեջանի բանտերում նրանց գտնվելու շարունակությամբ։ Բայց ոչինչ, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը, այդ թվում՝ նաև այս պատճառով, կհայտնի իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմին»,- ասել է Լևոն Զուրաբյանը։
Նա ամոթալի է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմին աջակցելու մասին՝ այդ աջակցությունը հիմնավորելով նրանով, որ ամերիկյան ընկերությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն TRIPP-ի միջոցով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից նավթի և հանքային ռեսուրսների դեպի ԱՄՆ մատակարարման համար։ «Իսկ որտե՞ղ է այդ դեպքում ժողովրդավարությունը։ Չէ՞ որ ժողովրդավարությունը ժողովրդի հնարավորությունն է՝ իր կամքով, առանց երրորդ երկրների միջամտության, որոշելու սեփական ճակատագիրը։ Այսօր Թրամփը, Մակրոնը և մյուսները, հայտարարելով Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին, ըստ էության, իրենց կամքն են թելադրում հայ ժողովրդին՝ միաժամանակ անտեսելով վարվեցողության տարրական նորմերը»,- ասել է հայ քաղաքական գործիչը՝ միևնույն ժամանակ երախտագիտություն հայտնելով Թրամփին անկեղծության համար, քանի որ Փաշինյանն Արևմուտքին պետք է միայն մեկ նպատակով՝ հենց Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի իրականացման և ամերիկյան նավթային ընկերություններին իրենց գերշահույթների ապահովման գործում աջակցելու համար։ «Արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը գնացել է գործարքի Արևմուտքի հետ, որպեսզի պահպանի իր իշխանությունը և Հայաստանը վերածի Արևմուտքի համար խամաճիկային երկրի։ Դրանից, առանց որևէ կասկածի, կօգտվի Ադրբեջանը, որը կներկայացնի իր բոլոր պայմանները, այդ թվում՝ ժողովրդագրության տեսանկյունից, ադրբեջանական ավտորիտարիզմի ներմուծումը Հայաստան, խոսքի ազատության և ժողովրդավարության սահմանափակումները։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե TRIPP նախագիծն իրականացվի, Հայաստանը կդառնա ընդամենը կցորդ օտարերկրյա ընկերությունների համար»,- եզրափակել է Լևոն Զուրաբյանը։