
Արմինֆո.Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն հայտարարել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ադրբեջանական կողմի միջամտելու մտադրության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրելու նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Իսազադեն արդեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարևոր է, որ Փաշինյանը մնա իշխանության ղեկին։ «Բայց հիմա նա արդեն ավելի առաջ է գնում՝ ասելով, որ իրենք կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանում հունիսյան ընտրություններին՝ ներգրավելով այսպես կոչված «ադրբեջանցի խաղաղապահներին»՝ հայաստանյան վարչապետին պաշտպանելու համար։ Այն, որ հակառակորդը կարող է իրեն թույլ տալ նույնիսկ նման միտք, «խեղճ» Փաշինյանի «ինքնիշխան» քաղաքականության արդյունքն է»,- համարում է Հայրապետյանը։
Կապված վերոնշյալի հետ՝ նա Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել թույլ չտալ դա՝ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին։ «Որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թեկնածուն չմնա իշխանության, և նրանք այլևս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է գնալ ընտրությունների հունիսի 7-ին»,- եզրափակել է փորձագետը։
Նշենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտ աջակցություն են հայտնել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դրանով իսկ բացահայտորեն միջամտելով Հայաստանի ներքին գործընթացներին։ Ընդ որում, ԵՄ-ում ոչ միայն աջակցում են գործող իշխանությանը, այլև փորձում են ստեղծել իմիտացիա, թե իբր ՌԴ կողմից հիբրիդային սպառնալիք է իրականացվում Հայաստանի հասցեին։ Ավելին, ԵՄ-ն նույնիսկ առաքելություն է ուղարկել՝ աջակցելու Հայաստանին «հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դրսից միջամտությունը կանխելու գործում»։ Միևնույն ժամանակ, անկախ փորձագետները հակված են կարծելու, որ գործնականում այս օգնությունը կվերածվի կառավարության համար քաղաքականապես անցանկալի նարատիվների սահմանափակման գործիքի, այլ ոչ թե կեղծ տեղեկատվության դեմ պայքարի։ Հավելենք, որ գործող իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքական ուժերի վրա գործադրվող ճնշումների ֆոնին, ՌԴ նախագահը հայաստանյան վարչապետի հետ հանդիպմանը կոչ է արել հայկական իշխանություններին խոչընդոտներ չստեղծել ռուսամետ ուժերի ընտրություններին մասնակցության համար՝ թավշյա իշխանությունների հռչակած ժողովրդավարական արժեքներին համապատասխան։