


Արմինֆո. Ընդդիմությունն ամեն կերպ փորձում էր կեղծել խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած քննությունների արդյունքներից պարզ է դառնում խախտումների մասշտաբը։ «Պարզ է դառնում, թե ինչպես էին այդ սրիկաները փորձում մեր համաքաղաքացիների ճակատներին նախընտրական գնապիտակներ փակցնել։ Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացին չվաճառվեց՝ հայտարարելով, որ իր ձայնը չի վաճառում»,- նշել է Վահագն Ալեքսանյանը՝ մատնանշելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորության 4 թեկնածուների, ովքեր այժմ փախուստի մեջ են։ Նա նաև անընդունելի է համարել այն, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սեդրակ Առուստամյանը, վերցնելով ողջ պատասխանատվությունն իր վրա, ազատել է իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին քրեական պատասխանատվությունից։ «Հիմա հնարավոր է նաև Նարեկ Կարապետյանը իր վրա վերցնի իր հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի հանցանքների մեղքը, ով դրանով կխուսափի քրեական պատասխանատվությու՞նից։ Չգիտեմ, կտեսնենք»,- ասել է Վահագն Ալեքսանյանը։
Նա նաև հայտնել է ապագայում ընտրակաշառքների բացառմանն ուղղված միջոցառումների մասին։ Մասնավորապես, քննարկումներ են ընթանում բնակության (ռեզիդենտության) ցենզի կիրառման հարցի շուրջ։ Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և այս փուլում մանրամասներ հայտնելու անհրաժեշտություն չկա, հատկապես հաշվի առնելով տարբեր կարծիքների առկայությունը։ Խոսքը գնում է այն մասին, շարունակել է պատգամավորը, որ ընտրություններին մասնակցությունը կապվի այն հանգամանքի հետ, թե մարդը որքան ժամանակ է բնակվում Հայաստանում։



