


Արմինֆո. Կյանքի 70-րդ տարում մահացել է Հայաստանի առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, պլաստիկ վիրաբույժ, "Ավանգարդ մեդ" բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայկական բժշկական ասոցիացիան։
Ասոցիացիայի հաղորդագրության համաձայն, Գագիկ Ստամբոլցյանը կյանքից հեռացել է 2026 թվականի հունիսի 28-ին։ Հայաստանի ՆԳՆ տվյալներով՝ Ստամբոլցյանի դին հայտնաբերվել է նրա ավտոմեքենայում՝ Արարատի մարզում։ Նախնական տվյալներով՝ նա մեքենա վարելիս սրտի կանգ է ունեցել, ինչը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի։
Մասնագիտական գործունեության տարիներին Ստամբոլցյանը Հայաստանի առողջապահության համակարգում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: 1997 - 1998թթ. ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարությունը, տարբեր տարիների եղել է "Սուրբ Ներսես Մեծ" բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, "Քանաքեռ-Զեյթուն" բժշկական կենտրոնի տնօրենը , Ազգային ժողովի պատգամավոր և ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2012 թվականին Ստամբոլյանը հիմնել է "Ավանգարդ" բժշկական կենտրոնը, իսկ մեկ տարի անց հանդես է եկել որպես պլաստիկ վիրաբուժության տեխնոլոգիական նորարարությունների IV միջազգային կոնգրեսի կազմակերպիչ: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի և Հայ բժիշկների միության գործունեությանը։
Հայրենական առողջապահության և պլաստիկ վիրաբուժության զարգացման գործում ներդրած ավանդի համար Ստամբոլցյանն արժանացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալի և Ֆրիֆոտյոֆ Նանսենի անվան մեդալի: Հանգուցյալն ունի կին և երկու որդի։



