
Արմինֆո.TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է։
2011 թվականին TUMO-ն հիմնադրել են ամերիկահայ գործարար Սեմ Սիմոնյանը և նրա տիկինը՝ Սիլվան: Կենտրոնի կրթական հայեցակարգը մշակել է Մարի Լու Փափազյանը, ով գլխավորել է TUMO-ն որպես առաջին գործադիր տնօրեն ՝ նախագծի թիմի մասնակցությամբ:
Այսօր TUMO-ն գործում է աշխարհի 15 երկրներում ՝ ունենալով 25 կենտրոն և կրթական հնարավորություններ ընձեռելով տասնյակ հազարավոր ուսանողների:
Ինչպես ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությունում, TUMO-ն իր կրթական մոդելով ճանաչվել և աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից՝ Հայաստանում և նրա սահմաններից անդին STEM կրթության, ճարտարագիտության, ստեղծարար տեխնոլոգիաների և նորարարության զարգացման գործում ունեցած ռազմավարական ներդրման համար։
«Եվրոպական միության կողմից 12.5 միլիոն եվրո դրամաշնորհ է ուղղվել ԵՄ–ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրմանը։ ԵՄ-ն աջակցում է նաև Գյումրու շուկայի վերականգնման և Խոհարարական դպրոցի նախաձեռնությանը և շարունակում Թումո Կապանի հետ համագործակցությունը։
Այս նախաձեռնություններով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք ամրապնդում են կապերը կրթության, տեղական համայնքների և արդյունաբերական ոլորտի միջև։ Թումոյին մաղթում ենք նորարար համարձակ ծրագրեր և միջազգային գործընկերության հետագա ամրապնդում», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ 18 հազար քմ ընդհանուր մակերեսով համալիրի համար նախատեսված շենքը նախագծվել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերության կողմից: Վերջինս իր մեջ կներառի TUMO Labs-ը ՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, ֆրանսիական ծրագրավորման դպրոցի 42 - րդ երևանյան մասնաճյուղը, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման համար հարթակներ, խորհրդաժողովների կենտրոն և բիզնես տարածքներ:
Ծրագրի արժեքը կազմում է 42.5 մլն եվրո, որից 12.5 մլն, ինչպես արդեն նշվեց, ԵՄ դրամաշնորհն է: