


Արմինֆո.Հայաստանն ընտրվել է 2027 թվականի հունիսին Ստամբուլում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ: Այդ մասին հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում, որն անցկացվում է Բուսանում՝ հուլիսի 19-29-ը:
Կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը: Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը՝ իր նպաստը բերելով համաշխարհային ժառանգության ցուցակում նոր օբյեկտների ընդգրկման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին, ինչպես նաև դրանց պահպանության վիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստմանը:
Նստաշրջանի արդյունքներով Համաշխարհային ժառանգության ցանկում է ներառվել 25 նոր մշակութային և բնական ժառանգության օբյեկտ։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցել է նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակին նվիրված հարակից միջոցառմանը՝ ներկայացնելով հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։



