
ԱրմԻնֆո. Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարարական ծառայության տնօրեն և ՆԳՆ փոխնախարար Արամ Ղազարյանը երկկողմ հարցեր է քննարկել Վրաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիի հետ։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Ղազարյանը ընդգծել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերը զգալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարարական ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի հմտությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։ Նա նաև նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ճապոնիայի երկարամյա փորձը աղետների ռիսկի կառավարման ոլորտում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փրկարարական ծառայության տեխնիկական հագեցվածությունը, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակի իրականացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Քննարկումների ավարտին Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը և JICA գրասենյակի ներկայացուցիչը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրենց գործընկերությունը և շարունակելու համատեղ նախաձեռնությունները թիրախային ոլորտներում։
Նշենք, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը մի քանի նախագծեր է իրականացրել և ներկայումս իրականացնում է Հայաստանում: Մասնավորապես, JICA-ն Հայաստանին տրամադրել է 240 միլիոն դոլարի վարկ, որն օգտագործվել է 2010 թվականին Երևանի ՋԷԿ-ում ջերմային բլոկի կառուցման և շահագործման համար: JICA-ն նաև 2.5 միլիոն դոլարի սեյսմիկ ռիսկի գնահատման նախագիծ է իրականացնում Հայաստանում: Գործակալությունը նաև 4.5 միլիոն դոլար է ներդնում երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը աջակցելու համար: 2021 թվականին JICA-ի աջակցությամբ Երևանում բացվեց հնագիտական վերականգնման լաբորատորիա, որը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով: Իսկ 2026 թվականին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության պատվիրակությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Սևանա լճի և հարակից էկոհամակարգերի պաշտպանության գործում համագործակցության հեռանկարները: