


Արմինֆո.Օգոստոսի 6-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի իրականացման հարցերով օժանդակ մարմնի 7-րդ նիստի՝ SBI-7-ի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Էկոհամակարգերի բաժնի տնօրեն Սյուզան Գարդների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև բաժնի մասնագիտացված ստորաբաժանումների և UNEP-ի Համաշխարհային բնապահպանական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարները։
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ UNEP-ի կողմից արդեն տրամադրվող, ինչպես նաև հետագա հնարավոր փորձագիտական և տեխնիկական աջակցության շրջանակները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ աջակցության ծրագրերին, COP17-ի նախագահության շրջանակում նախատեսվող գործընթացներին, երիտասարդների և մասնավոր հատվածի ներգրավմանը, ինչպես նաև «Լեռների և քաղցրահամ ջրերի օր» թեմատիկ միջոցառման կազմակերպմանն աջակցելու հնարավորություններին։
Կողմերը քննարկել են նաև Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը, Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP) մշակմանն ու իրականացմանը, ազգային հաշվետվությունների պատրաստմանը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ծրագրերի շրջանակում հնարավոր սիներգիաների ձևավորմանը, ինչպես նաև Կալիի հիմնադրամի և Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամի շրջանակներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին ընդգծվել է UNEP-ի հետ շարունակական աշխատանքային համագործակցության կարևորությունը՝ COP17-ին ընդառաջ և Հայաստանի նախագահության ընթացքում երկրի առաջնահերթություններին համապատասխան կոնկրետ աջակցության մեխանիզմների ու համատեղ նախաձեռնությունների ձևավորման նպատակով։
Հիշեցնենք, որ COP17-ը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին Երևանում:



