


Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հարց է տալիս, թե արդյոք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով:
«Ֆեյսբուքի» իր էջում Բեգլարյանն ուշադրություն է հրավիրել ՀՀ կառավարության ծրագրի 5-րդ գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետին՝ «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը»:
«Երբ բնակարանային ծրագիրը հաստատում էին 2024թ., հայտարարում էին, որ այն շուրջ 25,000 ընտանիքի համար է նախատեսված: Այժմ մոտ 4,000 ընտանիք է օգտվել ծրագրից, իսկ ընտրությունների ժամանակ, երբ նման դրույթ կար ՔՊ նախընտրական ծրագրում, դեռ շուրջ 2,500 ընտանիք էր օգտվել: Ի դեպ, բնակարանային սույն ծրագրի գործունեության ժամկետն էլ նախատեսված է 2028թ. ավարտին, այսինքն՝ կառավարության ծրագրի ժամկետի կեսին:
Հիմա հիմնավոր հարց է ծագում, թե ինչ ճակատագրի են արժանանալու 25,000-ի մնացած առնվազն 11,000-12,000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններով՝ ի տարբերություն իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների: Արդյո՞ք պլանը արտագաղթի խթանումն է, թե՞ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, թե՞ Արցախի ժողովրդի մի մասի վերադարձը հայրենի տներ», - գրել է նախկին պետնախարարը։


