


ԱրմԻնֆո. «ՀԱՅ-ԱՏ ՋԱԶ. Հայերը ջազում, ջազը բակում» 7-րդ փառատոնը տեղի կունենա Շիրակում օգոստոսի 28-ից 31-ը։ Չորս օրվա ընթացքում ջազը կհնչի Գյումրու պատմամշակութային միջավայրում՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսություն երաժշտության, քաղաքի և նրա մշակութային ժառանգության միջև։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ փառատոնը կանցկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ Լինք» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ։
«4 օր, 4 համերգ Գյումրու թանգարանների բակերում» վերնագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ջազային համերգները անցկացվում են Գյումրու թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա համերգային վայրի։
Այս նախաձեռնությունը միավորում է տարբեր մշակութային ոլորտներ՝ ներկայացնելով ջազային երաժշտությունը թանգարանային միջավայրում։ Այս ձևաչափը թույլ է տալիս ինտեգրել մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործընթացը ժամանակակից երաժշտական մշակույթի հետ։
Փառատոնը նաև նպաստում է ջազային երաժշտության մատչելիությանը և տարածմանը երաժշտասերների շրջանում։ Բոլոր համերգների մուտքն անվճար է։


